Խարազան դարձած «աղետի գոտի» ասվածը վերջապես կարող է դուրս գալ մեր բառապաշարից։ Քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ նախարարությունը մշակել է ծրագիր, որով առաջիկա երկու տարում նախատեսվում է ամբողջապես լուծել աղետի գոտու բնակարանային խնդիրը։
Ըստ էության, Նարեկ Սարգսյանը քաղաքաշինության առաջին նախարարն է, ով իր վրա վերցրեց աղետի գոտում բնակարանների խնդրի լուծման հարցը։ Սա երկար սպասված հայտարարություն էր։ Սակայն ի՞նչ երաշխիք, որ ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի։ «Մենք որդեգրել ենք այդ խնդիրներին լուծում տալու քաղաքականությունը։ Եվ վերջին ամիսներին այդ նպատակով ուսումնասիրել ենք աղետի գոտում եղած խնդիրները և դրանց` լուծում չստանալու պատճառները։ Արդյունքում մշակել ենք այնպիսի ծրագիր, որը մեզ հնարավորություն կտա կախված չլինել ֆինանսական դժվարություններից։ Այդ տեսակետից ամբողջապես իրատեսական եմ համարում Գյումրիում բնակարանային խնդիրն ամբողջությամբ լուծել 2015-ին։ Մեզ կմնան Շիրակի և Լոռու մարզերի գյուղական հատվածները, որոնց համար նախատեսվող ֆինանսական միջոցների հարցը կփորձենք լուծել 2015-ի ընթացքում և 2016-ին, ըստ մշակած ծրագրի, կավարտենք աղետի գոտու խնդիրը»,- մեր հարցին ի պատասխան ասաց քաղաքաշինության նախարարը։
Եթե նկատենք, որ, ըստ ներկայացվածի, ծրագիրը զերծ է լինելու ֆինանսական դժվարություններից, և հաշվի առնենք նախարարի հաստատակամությունը, ապա կարող ենք ենթադրել, որ իսկապես աղետի գոտի ասվածը կարող է դուրս գալ մեր բառապաշարից։ Նշենք, որ այս պահին Ախուրյանում կառուցվում է շուրջ 130 բնակարան, իսկ Լոռու մարզի գյուղական համայնքներում` 250 անհատական տուն։ Նախարարը կառավարությանը ներկայացրեց Գյումրիում 450 ընտանիքի ԲԳՎ տրամադրելու մասին որոշումը, ինչն էլ գործադիրը հաստատեց։ Ըստ ներկայացվածի, ԲԳՎ-ների տրամադրման հարցը նախապես քննարկվել է նաև շահառու ընտանիքների հետ։ Պետք է նկատենք, որ ԲԳՎ-ների տրամադրման քաղաքականությունը կարող է լուծել ոչ միայն շահառուներին բնակարանով ապահովելու հարցը, այլև նպաստել անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը։ Սա արդարացված մոտեցում է, քանի որ, ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ աղետի գոտում բնակարան վաճառողների թիվն ավելի մեծ է, քան գնողներինը։ Եվ այս դեպքում բնակարանաշինությունը կարող է և պետության համար արդարացված չլինել։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ